3 մարտի 2021 - 11:51 AMT
Դեսպան․ ԱՄՆ-ն ջանում է՝ նպաստելու հայ գերիների վերադարձին

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում՝ նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանը:

Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը և ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում:

Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:

ԱՄՆԶԾ ղեկավար Դևիդ Հոֆմանն Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադառնալով խորհրդարանի աշխատանքներին և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։