3 մարտի 2021 - 12:19 AMT
Հոկտեմբերի առաջին կիրակին՝ Ազգային փոքրամասնությունների օր

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամաբ և վերջնականապես ընդունել է «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ու ամրագրել հոկտեմբերի առաջին կիրակին Ազգային փոքրամասնությունների օրը նշելու մասին որոշումը։

Օրինագծի հեղինակներից մեկի՝ Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ չնայած ՀՀ-ն մոնոէթնիկ երկիր է, այստեղ ապրում է մոտ 11 ազգային փոքրամասնություն՝ էական դեր խաղալով մեր պատմության մեջ։

Բաքոյանի խոսքով՝ նման պրակտիկա կա Ռումինիայում, Էստոնիայում, Հնդկաստանում և աշխարհի այլ երկրներում։

Ի սկզբանե առաջարկվում էր ազգային փոքրամասնությունների օրը նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, սակայն այն 7 տարին մեկ կարող է համընկնել 44-օրյա պատերազմի սկզբի՝ սեպտեմբերի 27-ի հետ։

Հայաստանում, ըստ 2011 թվականի մարդահամարի, բնակչության 1․8%-ն ազգային փոքրամասնություններ են։ Ազգային փոքրամասնությունների՝ համեմատաբար մեծ 11 համայնք կա․ եզդիներ, ասորներ, հույներ, ռուսներ, գերմանացիներ, վրացիներ, քրդեր, լեհեր, ուկրաինացիներ, բելառուսներ և հրեաներ։