3 մարտի 2021 - 16:02 AMT
ՀՀ նախագահը հանդիպել է ԳՇ պետին. Անդրադարձել են լարված իրավիճակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:

Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: