3 մարտի 2021 - 16:45 AMT
ԱԺ դարպասները զոդվում են, Բաղրամյանում ոստիկաններ են կուտակվել՝ ցույցին ու գործադիրի հարցուպատասխանին ընդառաջ

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ու Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ընդառաջ՝ խորհրդարանի դարպասները զոդվում են, պողոտայում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել, փոխանցում է Aysor.am-ը։

Ազգային ժողովի շենքի ներսում՝ պատշգամբներին, տեղակայվել են դիպուկահարներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ԱԺ-ում է, ընդմիջումից հետո մեկնարկելու է Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանը։

Չնայած հայտարարվել էր, որ ընդդիմության հանրահավաքը մեկնարկելու է 16։00-ին, ժամը 16։30-ի դրությամբ այն դեռ չի սկսվել։ ԱԺ շենքի դիմաց են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները։

Ավելի վաղ ոստիկանությունից զգուշացրել էին, որ մարտի 3-ի հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Կառույցից կոչ էին արել զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։