3 մարտի 2021 - 16:55 AMT
Մարտունու վարելահողերի 15,000 հա-ից ավելին անցել է Ադրբեջանին

Արցախի Մարտունու շրջանի 27,133 հեկտար վարելահողերից 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողությանն է անցել 15,792 հա-ը, որից` 8,603․8 հա վարելահող, 7,188․3 հա պետպահուստային ֆոնդ, մշակված` 6,418.48 հա և 250 հա վարելահող, որտեղ ցանքս էր կատարվել: Այդ մասին Մարտունու «Ամարաս» պաշտոնաթերթին տեղեկացրել են շրջվարչակազմի գյուղատնտեսական բաժնից:

«Մինչև պատերազմը շրջանի առկա վարելահողերից մշակվում էր մոտ 22,000 հեկտարը: Ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 308․29 հա խաղողայգի, 230 հա նռան և 62․27 հա պտղատու այգի»,- մանրամասնել են Մարտունու շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժնից:

Բացի այդ, «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՓԲԸ տնօրեն Նվեր Սաֆարյանի տեղեկատվությամբ՝ Մարտունու շրջանում պատերազմի ընթացքում, հրետակոծության հետևանքով սատկել է 578 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 872 գլուխ մանր եղջերավոր, 820 գլուխ խոզ, ինչպես նաև կորել` 792 գլուխ խոշոր եղջերավոր, 565 գլուխ մանր եղջերավոր, գրում է Արցախպրեսը։

Պատերազմի ընթացքում Մարտունու՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների որոշակի քանակություն մնացել է հակառակորդի վերահսկողության տակ:

Մարտունու շրջանի տարբեր համայնքների ղեկավարների տրամադրած նախնական տվյալներով` հակառակորդի վերահսկողության տակ է մնացել նաև 15 կոմբայն, 105 տրակտոր և 100-ից ավելի գյուղատնտեսական այլ սարքավորումներ։