3 մարտի 2021 - 17:19 AMT
Սոցապը ծնելիության խթանմանն ուղղված օրինագիծ է մշակել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և բազմազավակ ընտանիքների ավելացմանը նպաստող օրենքի նախագիծ է շրջանառության մեջ է դրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նշվում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

Այդ նպատակով՝ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվեն աջակցության հետևյալ տեսակները՝

• դրամական աջակցություն

• առողջության ապահովագրություն

• բնակարանային պայմանների բարելավման աջակցություն

• բնակարանի/ տան տրամադրում

• կրթության վճարի փոխհատուցում

• պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում

• աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Նշվում է, որ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։