3 մարտի 2021 - 17:36 AMT
Այվազյան․ Գերիների հարցով Պուտինի, Լավրովի, Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են լինում

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցն իսկապես խնդրահարույց է դառնում այդ երկրի համար, նույն հարցով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են ընթանում, Ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Գերիների վերադարձի համար բազմաթիվ խողովակներ են օգտագործվում։ Մենք, նախևառաջ, ելնում ենք այն իրավիճակից, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարևոր դերակատարում և տարբեր խողովակներով՝ սկսած նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գերծերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ։ Ռուսական կողմը հետևողականորեն այս հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ։ Միևնույն ժամանակ, այս հարցը հատուկ շեշտադրում է ունեցել իմ և Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների ու արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ շփումներում»,- մանրամասնել է ԱԳ նախարարը։

Նա նշել է՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ հումանիտար հարցի քաղաքականացումն անընդունելի է, դա հաստատում են նաև միջազգային դերակատարները։ Այվազյանի խոսքով՝ տարբեր երկրներ գերիների հարցով արդեն մեծացնում են ճնշումն ադրբեջանական կողմի վրա։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ գերիներ ունի Ադրբեջանում։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, հայտարարել է, թե իրենք բոլոր գերիներին վերադարձրել են, իր երկրում միայն «ահաբեկիչներ ու դիվերսանտներ են»: