4 մարտի 2021 - 10:45 AMT
Գորիսի փոխքաղաքապետ. Ադրբեջանցիները խրամատներ են փորում

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկսել են խրամատներ փորել, մինչդեռ ՀՀ իշխանություններն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։

«Դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։

Ցավոք իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Հայե՜ր, ուշքի եկեք…»,- ասվում է փոխքաղաքապետի գրառման մեջ։

44-օրյա պատերազմից հետո Սյունիքի բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։ Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհին ադրբեջանցի զինվորականները ցուցանակ են տեղադարել, որտեղ Ադրբեջանի քարտեզն է՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ։ Ճանապարհի որոշ հատվածներում ադբեջանական դրոշներ կան։

Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո Սյունիքի մարզի որոշ գյուղեր ու ճանապահահատվածներ, որոնք նախկինում Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության մաս են եղել, սահմանազատման աշխատանքի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ են անցել, այդ հատվածներում ադրբեջանցի զինվորականներն են վերահսկում ճանապարհը։