4 մարտի 2021 - 10:58 AMT
Տեսչական մարմիններ․ Խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինները հորդորում են խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Հարգելի՛ տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմինները զգուշացնում են՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

Վերջին օրերին ՀՀ-ում նկատվում է կորոնավիրուսի նոր դեպքերի և փաստացի բուժվողների քանակի աճ։ Մինչդեռ բազմաթիվ զանգվածային հանրահավաքներին և ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցում, որոնց մեծ մասը դիմակ չի կրում։