4 մարտի 2021 - 11:15 AMT
Եվրահանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոցի ռմբակոծումը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը, տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը։

Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը և ընդգծել մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը:

Իր պատասխանում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաև հիշատակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձը, որը սահմանում է կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործությունները:

Եվրահանձնաժողովը ողջունել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Այն նաև կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:

Ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020թ. հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: