4 մարտի 2021 - 12:26 AMT
Պետդեպ. Ուշադիր հետևում ենք ՀՀ-ում քաղլարվածությանը

ԱՄՆ Պետդեպարտամենտն ուշադիր հետևում է Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը: Այդ մասին Twitter-ի իր տեսաուղերձում ասել էՊետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:

«Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն դրսևորել և խուսափել սրացումներից կամ բռնի գործողություններից: Մենք կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով և հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական գործընթացները», - ասել է Փրայսը:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: