4 մարտի 2021 - 14:15 AMT
Քոչարյան․ ԳՇ հայտարարությունն ահազանգ էր՝ իշխանությունը խոչընդոտում է բանակի վերականգնմանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը ահազանգ էր, որ իշխանությունը խոչընդոտում է բանակի ամրապնդմանն ու վերականգնմանը, ընդ որում՝ խանգարում է համակարգային մակարդակով։

Նա կարծում է, որ վարչապետը «Իսկանդերի» թեմայով աղմկահարույց պատմությունից հետո պետք է ներողություն խնդրի Գլխավոր շտաբից և անձամբ գեներալ Տիրան Խաչատրյանից։ Սակայն դրա փոխարեն վարչապետը Խաչատրյանին ազատեց (ԳՇ պետի տեղակալի) պաշտոնից, գրում է Sputnik Արմենիան։

Երկրորդ նախագահը նշել է նաև, որ հարձակումները բանակի, գեներալների վրա երեք տարվա ընթացքում հաջորդում էին միմյանց, կրկնվում պարբերաբար։ Սա, ըստ Քոչարյանի՝ պատերազմում պարտության պատճառներից մեկն է. իշխանության քայլերը պետք է կանխատեսելի ու հասկանալի լինեն։

«Նման ռեժիմով անհնար է երկիր կառավարել։ Գլխավոր շտաբի դեպքը փաստում է երկրում տիրող անհույս վիճակի մասին»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով` ՀՀ սահմանադրությունը նախագահ Արմեն Սարգսյանին գործողությունների երեք տարբերակ է առաջարկում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման հարցով։

Առաջին տարբերակն այն է, որ նախագահը համաձայնվում է Փաշինյանի առաջարկին և ստորագրում այն, իսկ երկրորդը` նախագահը չի ստորագրում հրամանագիրը, բայց այն ուժի մեջ է մտնում, երրորդը` իրավական դաշտում է փորձում լուծում գտնել։

Ըստ Քոչարյանի` ստացվում է, որ առաջին երկու տարբերակի դեպքում էլ նախագահը համաձայնվում է վարչապետի որոշման հետ։

Քոչարյանը կարծում է, որ նախագահը պետք է կողմնորոշվի` ի վերջո կո՞ղմ է, թե դեմ. որևէ խոչընդոտ չկա, որպեսզի նախագահն արտահայտի իր հստակ տեսակետը։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: