4 մարտի 2021 - 14:32 AMT
Փաշինյանն ու Մարուքյանը համաձայնության չեն եկել արտահերթ ընտրությունների հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։

«Բանակցություններ վարել ենք, և, ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ», - վարչապետի հետ հանդիպումից հետո ասել է Մարուքյանը, գրում է Aysor.am-ը։

«Մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին նաև գումարվել է ԳՇ խնդիրը։ Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ։ Որքանով հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաև մեր գործընկեր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Միայն մեր դիրքորոշումով չեն կարող գործընթացներն առաջ գնալ և խորհրդարանը չի կարող ցրվել։ Երբ ԲՀԿ դիրքորոշումը քննարկվի, կարծում եմ` նորից կլինեն բանակցություններ», - ասել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այն, որ պետք է ճանապարհներ գտնել երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կա ըմբռնում։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Արմեն Սարգսյանը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:Դա, սակայն, նշանակում է, որ հրամանագիրն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: