4 մարտի 2021 - 14:53 AMT
Մանուկյանը հարցաքննվել է․ Ընտրված խափանման միջոցը բողոքարկվելու է

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասել է, որ բողոքարկելու են որպես խափանման միջոց կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ «Որևէ հիմք և պայման մենք չենք տեսնում, չենք տեսնում նաև, թե ինչպես են հաղթահարել հիմնավոր կասկածը, առավել ևս հիմքերի հետ կապված, ինչից են ենթադրել, որ Վազգեն Մանուկյանը կարող է խոչընդոտել կամ թաքնվել կամ ինչին պետք է խոչընդոտի կամ ինչից թաքնվի»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ի վերջո Վազգեն Մանուկյանի ցանկացած հայտարարությունը խնդրում եմ համադրել, օրինակ, հետևյալ հայտարարության հետ. որոշ անձ, որը հետագայում բավականին բարձր պաշտոն ստացավ, Հանրապետության հրապարակում պնդում էր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ-ում վարչապետ չի լինի: Հայաստանում չի կարող լինել մեկ անձ, ով սպառնա՝ Հայաստանում կամ ինքն է լինելու վարչապետ, կամ չի լինելու: Դա ոչ միայն պետք է դիտարկել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի տիրույթում, նաև 300-րդ հոդվածի, քանի որ իշխանության յուրացման, զավթման դասական գործիքներից մեկն է, բայց այդ հարցով քրեական գործ չկա»,- ասել է նա:

«Գործ ունենք պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ»,- հավելել է Մանուկյանի պաշտպանը:

Նա նշել է, որ գործ ունեն մի քանի քաղաքական հայտարարություններն իբրև Քրեական օրենսգրքի հետ առնչության մեջ դիտարկելու Քննչական կոմիտեի փորձի հետ:

«Խոսքերից մեկը վերաբերում է փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանի հայտարարած պլան Ա-ին ու պլան Բ-ին: Պարզ է չէ՝ եթե պլան Բ-ին ուղղված կոչ լիներ, ապա պլան Բ-ի իրացումը կտեսնեինք»,-ասել է նա:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։