4 մարտի 2021 - 15:25 AMT
Քոչարյան․ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ պատերազմում պարտությունը ծրագրված էր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին ասել է՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ ԼՂ վերջին պատերազմում պարտությունը ծրագրված էր Հայաստանի իշխանությունների կողմից։

«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ, առավել ևս, պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի և մարդկանց այլ խմբերի մոտ»,- ասել է Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ առաջ եկած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որևէ բացատրություն չկա։

«Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որևէ բացատրություն տալ։ Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)», - ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ սրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ Այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տալ։

«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»,–նշել է Քոչարյանը:

Ըստ նրա՝ չի հասկանում, թե ինչու են պատերազմից առաջ շատ փորձառու գեներալներ պաշտոնանկ արվել։

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ՝ ահաբեկիչ-վարձկանների ու Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ 44 օր տևած պատերազմում հայկական կողմը ՀՀ-ում ու Արցախում զիջումների է գնացել։