4 մարտի 2021 - 16:47 AMT
Մանուկյանը Արոնյանին խնդրել է վերանայել ՀՀ-ից հեռանալու որոշումը

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին՝ խնդրելով վերանայել Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշումը:

«Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը: Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն: Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը», - նշել է Մանուկյանը:

Փետրվարի 26-ին Արոնյանը հայտարարել էր, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լևոն Արոնյանի ՀՀ-ից հեռանալու որոշմանը, ասել է, որ շախմատիստն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում։