Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Նրանք թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։ Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։