5 մարտի 2021 - 17:58 AMT
Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել։ Նրան դատարանի դիմաց դիմավորեցին ծափահարություններով։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին պայքարեցին արդարություն ու ճշմարտության համար»,-ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։

Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ Գագիկ Սողոմոնյան անունով ֆեյքին վերաբերվող գործի քննության շրջանակներում։ Այդ որոշումը բողոքարկվել էր։

Արա Սաղաթելյանին մեղադրում են ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով: