9 մարտի 2021 - 12:38 AMT
Հռոմի պապն այցելել է Մոսուլի ավերված հայկական եկեղեցի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իրաք ուղևորության ժամանակ Մոսուլում այցելել է տեղի ավերված հայկական եկեղեցի։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է կաթոլիկ Crux առցանց թերթի բյուրոյի ղեկավար Ինես Սան Մարտինը։

«Մոսուլից հեռանալուց առաջ Հռոմի պապն այցելել է ավերված սիրիական ուղղափառ և հայկական եկեղեցիներ»,-ասվում է նրա գրառման մեջ։

Հռոմի պապը Մոսուլի Տաճարների հրապարակում աղոթել է «Իսլամական պետության» ջիհադականների հետ պատերազմում զոհվածների համար։ Նա նշել է, որ քիստոնյաների զանգվածային արտագաղթն Իրաքից անչափելի վնաս է հասցրել ոչ միայն այդ համայնքներին, այլ ամբողջ հանրությանը, գրում է BBC-ին։

Ֆրանցիսկոս Առաջինի այցն Իրաք պատմական է համարվում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի առաջին այցն էր այդ երկիր։ Ուղևորության գլխավոր նպատակն էր Իրաքում քրիստոնյաների անվտանգ բնակության հարցը։ Այցը տեղի է ունեցել մարտի 5-8-ը;

2014թ․ ԻՊ զինյալները հարձակվեցին Մոսուլի Սբ Էջմիածին հայկական եկեղեցու վրա:Հունիսի 10-ին 65 հայ ընտանիքներ քահանայի հետ միասին ստիպված եղան հեռանալ քաղաքից, գրոհայինները իրենց հսկողության տակ առան Իրաքի երկրորդ քաղաքը: