9 մարտի 2021 - 18:26 AMT
Չինաստանում SARS-CoV-2-ին ազգակից վիրուսներ են հայտնաբերել չղջիկների կենսաբանական նյութում

Ավստրալիայի և Չինաստանի գիտնականները հետազոտել են Չինաստանի հարավ-արևելքում բնակվող չղջիկների կենսաբանական նյութը և հայտնաբարել են SARS-CoV-2-ին ազգակից կորոնավիրուսի 4 գենոմ։ Այդ մասին ասվում է bioRxiv ռեսուրսում հրապարակված հոդվածում։

«2019-ի մայիսից մինչև 2020թ, հունվար մենք հետազոտել ենք 23 տեսակի չղջիկների 411 նմուշ։ Այդ տվյալներից մենք առանձնացրել ենք 24 լիարժեք գենոմ, որից 4-ն ազգակից են SARS-CoV-2-ին, իսկ 3-ը՝ SARS-CoV-ին»,-ասվում է հրապարակման մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր հետազոտությունը վկայում է լոկալ մասշտաբներում չղջիկների մոտ առկա վիրուսների բազմազանությունը, ինչպես նաև այն, որ SARS-CoV-2-ին և SARS-CoV-ին ազգակից վիրուսներն ապրում են վայրի կենդանիների օրգանիզմում հարավային Չինաստանի և հարավ-արևելյան Ասիայի մեծ տարածքներում։ Այդ տվյալները կօգնեն SARS-CoV-2-ի և մյուս ախտածին վիրուսների ծագումը պարզելու ջանքերին»,-նշել են գիտնականները։

Մարդու ախտածին վիրուսների մեծ մասը սկզբից առաջացել է վայրի բնության մեջ և երբեմն դրանք փոխանցվում են կենդանիներից։ Չղջիկները համարվում են մի շարք վիրուսների կրողներ, որոնք հիվանդություններ են առաջացնում մարդկանց մոտ՝ օրինակ, Մարբուրգի, Էբոլայի վիրուսների և կորոնավիրուսի պարագայում։ Կորոնավիրուսները վարակիչ են ոչ միայն մարդկանց, այլ նաև տարբեր ընտանի և վայրի կենդանիների համար։