7 մարտի 2009 - 16:19 AMT
Մարտի 15-ից հետո Վրաստանում կվերսկսվի Բաքու-Կարս երկաթգծի շինարարությունը
Մարտի 15-ից հետո Վրաստանի տարածքում կվերսկսվեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի նախագծի շինարարական աշխատանքները: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի պետական երկաթգծի վարչությունը: Վարչությունում նշել են, որ անբարենպաստ եղանակի պատճառով սույն թվականի հունվարից դադարեցվել էր շինարարությունը Վրաստանի տարածքում: Այդ ժամանակահատվածում միայն նախագծում եւ անշան աշխատանքներ էին իրականացվում: Ուկրաինայի «Կիեւգիպրոտրանս» նախագծային ինստիտուտը նախապատրաստել է Մարաբդա-Տետրիցկարո հատվածի (29,2 կմ) եւ Ախալքալաքի կայանի վերակառուցման նախագծերը: Երկու նախագիծն էլ համաձայնեցվել են կողմերի միջեւ, հողորդում է Ազերի պրես գործակալությունը:

Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ԲԹԿ շինարարության առնչությամբ ամփոփիչ փաստաթուղթը ստորագրվել է 2007 թվականի փետրվարի 8-ին Թբիլիսիում: Երկաթգծի վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը Վրաստանի «Մարաբդա-Կարցախի երկաթգիծ» ՍՊԸ-ին հատկացրել է 200 մլն դոլար գումարի չափով արտոնյալ վարկ` 25 տարի ժամկետով եւ 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Այդ միջոցների հաշվին Վրաստանի տարածքում կկառուցվի 29 կմ երկարությամբ նոր ճանապարհ, Թուրքիայի հետ սահմանում տեխնիկական սպասարկման եւ այլ ծառայությունների տրամադրման կետ, ինչպես նաեւ կվերակառուցվի հին ճանապարհը: ԲԹԿ նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է 600 մլն դոլարը:

Վրացական հատվածի շինարարությունն իրականացնում է «Ազերինշաաթսերվիս» ադրբեջանական ընկերությունը: ճանապարհի շահագործման հանձնումը նախատեսվում է 2011 թվականի կեսերին: Թուրքիայի տարածքում վրացական սահմանից մինչեւ Կարս 76 կմ երկարությամբ նոր երկաթուղային գիծ կկառուցվի: