12 մարտի 2021 - 16:33 AMT
ԵԿՄ․ Սթափվել է պետք՝ հակառակորդ երկրի ղեկավարը սպառնում է Զանգեզուրը նվաճելով

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նա սթափության կոչ է արել և նշել, որ «հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ԵԿՄ վարչությունը՝ գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաև ՀՀ ԶՈւ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով հավատարմությունն ազատամարտի մասնակիցներին, ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում։

«Հրատապ է․

1. Հայաստան պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների և մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը:

2. Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

3. Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը։

4. Անմնացորդ նվիրվել զինծառայողների մարտական ոգու և հայրենասիրության հետագա ամրապնդման գործին։

5. Նպաստել երկրում համերաշխության հաստատմանն ու առճակատող բևեռների հարթեցմանը։

6. Մենք այսօր մեր հավատավոր միասնությամբ, սթափ և ճկուն քաղաքականությամբ ի զորու ենք և պարտավոր դիմակայել արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին, ինչպես կարողացանք անել 1988-1994թթ․։

7. Արցախի անկախության համար նահատակված մեր հերոսների՝ Արցախն անկախ տեսնելու հույսն ու հավատը երբեք չկորցնենք։

8. Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը «Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել...»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵԿՄ-ն կոչ է անում՝ ոչ թե հոգնել, ոչ թե հուսահատվել ու ապագան թողնել բախտի քմահաճույքին, այլ համախմբվել ազգովի և գործել ի շահ պետության, պետականության ու ժողովրդի։

Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի բացման» կարևորության մասին։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ։ Ի պատասխան ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի մասին հիշատակում չկա։