7 մարտի 2009 - 17:44 AMT
Երեւանում կկայանա «Սպարտակ» բալետի դասական բեմադրության պրեմիերան
Մարտի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Սպարտակ» բալետի Հայաստանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի փորձասրահում անցկացվող փորձին: «Սպարտակ» բալետի մենակատարներին նախագահին ներկայացրել է խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչը, որը Հայաստանի կառավարության հրավերով բեմադրում է բալետի դասական տարբերակը:

«Սպարտակ» բալետը բավականին բարդ բեմադրություն է տղամարդկանց կատարման համար, քանի որ հիմնականում բալետային ներկայացումները շեշտադրում են կանանց կատարումը: Թեեւ դա բարդ աշխատանք է, բայց եւ հաճելի` չէ-որ մեզ հետ աշխատում է Յուրի Նիկոլաեւիչը, որն աշխատել է բալետի այնպիսի աստղերի հետ, ինչպիսին է Մորիս Լյեպան», - ասել է Սպարտակի պարտիան կատարող Ռուբեն Մուրադյանը:

Խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի կողմից «Սպարտակ» բալետի բեմադրությունը վերոհիշյալ բալետի լավագույն տարբերակն է, որը ներկայացվում է «Բոլշոյ տեատրի», ինչպես նաեւ աշխարհի շատ այլ բեմերում: Արամ Խաչատուրյանի հետ Յուրի Գրիգորովիչի համագործակցության շնորհիվ 1968 թվականին Մոսկվայի «Բոլշոյ տեատրի» բեմում ստեղծվել էր վերոհիշյալ ստեղծագործության նոր սցենարին եւ ընդհանուր կոմպոզիցիոն կառուցմանը համապատասխանող նոր երաժշտական խմբագրումը: