16 մարտի 2021 - 19:14 AMT
Փաշինյանը՝ ԵԱՀԿ նախագահին․ Ադրբեջանի ղեկավարի ագրեսիվ հայտարարությունները չեն նպաստում երկարատև խաղաղությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը՝ կայունության և անվտանգության ապահովման գործում:

Նա հայտարարել է, որ միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն և երկարատև խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում դրան:

Նախ տեղի է ունեցել վարչապետի և Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և այդ համատեքստում կարևորել ՄԽ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի վերսկսման և հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում: Այս առումով վարչապետը շեշտել է ԼՂ կարգավիճակի հստակեցման ու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Վարչապետը շեշտել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, հումանիտար խնդիրները, արցախայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը և այս առումով նշել ԵԱՀԿ կարևոր դերը:

Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ գերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, իսկ Ադրբեջանը շարունակում է գերեվարության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ միտված երկարաժամկետ կայուն լուծմանն ու խաղաղության հաստատմանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անդրադառնալու ներկայումս ստեղծված անմիջական իրավիճակին և կողմերին օժանդակելու՝ գտնել հիմնախնդրի կարգավորման ուղիներ: Միաժամանակ, ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգումն ու հումանիտար խնդիրների լուծումը, ինչը կնպաստի նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին և հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Լինդեն Երևանում հանդիպել է նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, քննարկել ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Լինդեն ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Արցախում հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի գործընթացում։ «Մի քանի հարց դեռ կարոտ է լուծման»,-ասել է նա։