17 մարտի 2021 - 19:34 AMT
Ադրբեջանում կալանավորել են ազգային հերոսի կոչումով գեներալի

Ադրբեջանում կալանավորել են այդ երկրի ազգային հերոսի կոչում ունեցող, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովին։ Նա մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ և 4 ամսով կալանավորվել է, գրում է ՌԻԱ Նովոստին Ադրբեջանի Գլխավոր դատախազության վրա հղումով։

Սպանությունը, որի մեջ մեղադրվում է գեներալը, կատարվել է 2001-ին` Կիևում։ Մինչ 2020թ․ գործը կասեցված էր, քանի որ կասկածյալի անձը հաստատված չէր։ 2021թ․ մարտի 15-ին մեղադրանք է առաջադրվել Ակբերովին։

Ռովշան Աքփերովն Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն է եղել և հայտնի է, որպես ադրբեջանական գերության մեջ 2014-ին «հանկարծամահ եղած» հայ գերի Կարեն Պետրոսյանի հանդեպ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով։

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծամահ էր եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Մահվան նախօրեին Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով և կից՝ տեսասկավառակով, պաշտոնապես դիմել էր ԵԽԽՎ նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին՝ ուղարկելով այն կադրերը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի գեներալը՝ խախտելով Ժնևյան կոնվենցիայի բոլոր կանոնները, նվաստացնում Կարեն Պետրոսյանին