18 մարտի 2021 - 13:49 AMT
Տնօրեն․ ՀՀ-ն ուզում է վերջնաժամկետից հետո ևս 5-10 տարով երկարացնել ՀԱԷԿ-ի աշխատանքը

Հայաստանը մտադիր է վերջնաժամկետից հետո ևս 5-10 տարով երկարացնել ատոմակայանի գործունեության ժամկետը՝ մինչև 2036-ը։ Այդ մասին Հայաստանում ատոմային էներգետիկայի 55-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ ասել է կայանի տնօրեն Մովսես Վարդանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Գործող կայանի երկրորդ բլոկը գործարկվել է 1980 թվականին, մինչև 2026 թվականը այն 40 տարի աշխատած կլինի (հաշվի առնելով, որ 6 տարի՝ 1989-95 թվականներին, չի գործել)։

2015-16 թվականներին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ ու ռուսական վարկի միջոցներով Հայաստանը զգալի աշխատանք է կատարել ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Այժմ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են հայկական կողմի միջոցներով և մոտենում են ավարտին։

«Այժմ, հաշվի առնելով այլ երկրների փորձը, մենք պատրաստվում ենք կայանի աշխատանքի ժամկետը երկարաձգել ևս 5-10 տարով», - նշել է Վարդանյանը:

Այսինքն՝ նախատեսվում է 2026-ից հետո համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում շարունակել կայանի շահագործումը: Ժամկետի չերկարաձգման ռիսկերի մասով նա ասել է, որ ամեն դեպքում տեխնոլոգիական պրոցես է և ռիսկի գործոնը կա: Բայց միաժամանակ ընդգծել է. «Հաշվի առնելով, որ ռուսական ընկերություններն իրենց բլոկերում այդպիսի փորձ ունեն, մենք հուսով ենք, որ ռիսկի գործոնը շատ փոքր է որևէ խնդիր առաջանալու համար», գրում է Aysor.am-ը։

Տնօրենի խոսքով՝ աշխատանքների կազմակերպման առումով, 2021թ. նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը ամենաբարդերից է: Վարդանյանը տեղեկացրել է, որ մայիսի 15-ից բլոկի աշխատանքը 141 օրով կդադարեցվի: Այդ ընթացքում կիրականացվեն անվտանգության բարձրացման աշխատանքներ։

«2021-ի վերանորոգումից հետո մենք կարգավորող մարմնից պետք է նոր լիցենզիա ստանանք»,-ասել է նա։

Կայանի չգործելու ընթացքում մի քանի պլանային միջոցառումներ կանցկացվեն՝ վթարային սառեցման համակարգերի թարմացում (ռեակտորի գերտաքացման դեպքերի համար), կնորոգվեն հակահրդեհային, վթարային էներգամատակարարման համակարգերը (դիզել գեներատորներով, ռեակտորի անջատման դեպքում): Բացի այդ, կիրականացվի կայանի սառեցման աշտարակների վերանորոգման աշխատանքների մի մասը (որտեղ տուրբինների տաք ջուրը սառեցվում է կրկնակի օգտագործման համար), գրում է Sputnik Արմենիան։

Բացի այդ, այս տարի ռեակտորի մետաղական կորպուսի այրման նախապատրաստություն է իրականացվում։ Այս աշխատանքն իրականացվում է ռուս գործընկերների հետ. այրման նախագիծը կկազմեն Կուրչատովի ինստիտուտի ֆիզիկոսները, իսկ աշխատանքները կիրականացնեն «Ատոմէներգոռեմոնտ» ձեռնարկության ինժեներները (և՛ ինստիտուտը, և՛ ձեռնարկությունը մտնում են «Ռոսատոմի» մեջ): Այդ աշխատանքը նախատեսված է անցկացնել առաջիկա 1-2 տարում։

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են հանդիսանում ռեսուրսների վերականգնումը և կայանի աշխատանքի երկարացումը մինչև 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը:

Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում։ Հայկական ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։