13 հուլիսի 2002 - 20:44 AMT
ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ԿՐԱՍՆՈԱՐՄԵՅՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՑՈՒՅՑ` Ի ՕԳՈՒՏ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՏԵՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
Մերձմոսկովյան Կրասնոարմեյսկ քաղաքում տեղի է ունեցել չարտոնված ցույց` ի օգուտ անձանց, որոնք ձերբակալվել են հայ համայնքի ներկայացուցիչների զանգվածային ծեծկռտուքի պատճառով: Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին քաղաքի տեղի երիտասարդների եւ հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ զանգվածային ընդհարման արդյունքում մի քանի մարդ է վիրավորվել: Այնուհետեւ Կրասնոարմեյսկ քաղաքի տարբեր հասցեներով ծեծվել են տեղի բնակիչներ եւ Հայաստանից եկածներ: Արդյունքում հինգ մարդ հիվանդանոց են տեղափոխվել եւ էլի յոթին ցույց է տրվել բժշկական օգնություն: Անկարգության հրահրման կասկածով ձերբակալվել են մի խումբ մասնակիցներ: Ինչ վերաբերում է ցույցին, ապա Կրասնոարմեյսկի վարչակազմի ղեկավար Վիտալի Պաշենցեւը տեղեկացրել է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությանը, որ ցույցի մասնակիցների մեծամասնությունը զանգվածային ծեծկռտուքը նախաձեռնող երտասարդների հարազատները եւ բարեկամներն են: Նա նաեւ փաստել է, որ մի քանի նեոնացիստական խմբավորումների ներկայացուցիչների նախաձեռնությամբ, մասնավորապես «Ռուսաստանյան ազգային միավորում» կուսակցության, որոնք ներկա են գտնվել ցույցին, հավաքվածները գոչել են ազգայնական բնույթի կարգախոսներ: Միջոցառման կազմակերպման պատասխանատվությունը, Պաշենցեւի խոսքերով, ներկայումս «ոչ ոք հանձն չի առել, սակայն արդեն այժմ կարելի է ասել, որ առկա է կենցաղային ազկայնականության երեւույթը»: Կրասնոարմեյսկի վարչակազմի ղեյավարն ընդգծել է, որ քաղաքյին օրինապահ մարմիններին հրահանգ է տրվել «ողջ հաջորդ շաբաթվա ընթացքում աշխատել ուժեղացված ռեժիմով»: