9 մարտի 2009 - 15:16 AMT
Կտրուկ անցումը լողացող փոխարժեքին պակաս ծախսատար է
«Դրամի արժեզրկման գործընթացը օբյեկտիվ քայլ է Հայաստանի Կենտրոնական բանկի եւ կառավարության քաղաքականության մեջ»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, դրամի արժեզրկման նախապայմանները սկսեցին նկատվել դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերի սկզբից: Առեւտրի անկումը, փոխադրումների եւ Հայաստանի Կենտրոնական բանկի ներքին պահեստների հոսքի նվազումը հանգեցրին այնպիսի կտրուկ քայլի, ինչպիսին անցումն էր ազգային տարադրամի լողացող փոխարժեքին:

Ինչպես պարզաբանել է Արամյանը, նախապես ուսումնասիրվել էր շատ երկրների փորձառությունը, այդ թվում` Ռուսաստանի, Ղազախստանի, որտեղ փուլ առ փուլ ներմուծվում էր լողացող փոխարժեքի քաղաքականությունը: «Քանի որ Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանում տարբերվում է առավել մեծ կայունությամբ, ապա անցումն էլ լողացող փոխարժեքին կտրուկ կատարվեց»,- հաղորդել է նա: Ֆինանսների նախարարի տեղակալի կարծիքով, կտրուկ անցումը լողացող փոխարժեքին պակաս ծախսատար է:

Դրամի արժեզրկումը հանգեցրեց ներկրվող ապրանքի գների բարձրացմանը: «Ստեղծված պայմաններում Հայաստանի Կենտրոնական բանկն ու կառավարությունը կանգնած են երկրում ֆինանսական կայունության եւ գների կայունության միջեւ ընտրության առջեւ»,- ասել է Արամյանը: Նրա խոսքով, ֆինանսական կայունությունը հանգեցնում է գների կայունացմանը, քանի որ «եթե մատը մատի չտանք», գներն ինքնաբերաբար չեն իջնի:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Կենտրոնական բանկը կրկին դրամի հաստատված փոխարժեք չի ներմուծել, միայն թե ավելի լայն միջակայքում ($1 համար 360-380 դրամ), Արամյանը պարզաբանեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկը երբեք չի հայտարարել դրամի զսպող քաղաքականության մասին: «Այդ կանխատեսումը կատարվել է միայն այն նպատակով, որպեսզի չառաջանա «հոլդինգ-էֆեկտ», ինչպես նաեւ բնակչության բացասական սպասումների նվազեցում»,- ասել է նա: Ինչպես պարզաբանել է ֆինանսների փոխնախարարը, շուկայում առաջատար դիրք գրավող սուբյեկտները կարող էին օգտագործել այդ իրադրությունը եւ իրենց հայեցողությամբ փոխարժեք հաստատել, օրինակ` $1 համար 450 դրամ: Արամյանի կարծիքով, դրամի փոխարժեքն արդեն կայունացել է: «Եթե պահանջարկի եւ առաջարկի տարբերությունը մարտի 4-5-ին կազմում էր 20 դրամ, ապա այժմ կազմում է 5-6 դրամ»,- ասել է նա: