27 մարտի 2021 - 11:26 AMT
Ավինյան. Գերիների վերադարձում արդյունքի կհասնենք՝ նուրբ աշխատանք է պետք

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցին, համոզմունք է հայտնել, որ նրանց ազատման գործում Հայաստանն արդյունքների կհասնի, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ կիսում է մեզ հետ այն մոտեցումը, որ բոլոր ռազմագերիները և ձերբակալված անձինք պետք է վերադառնան: Չնայած Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարություններ է տարածել, որոնք հակասում են նոյեմբերի 10-ի հայտարարության բովանդակությանը, այնուամենայնիվ, կարծում եմ, էստեղ շատ նուրբ և հանգիստ աշխատանք է պահանջվում մեզանից, համբերություն։ Եվ ես միանշանակ համոզված եմ, որ մենք արդյունքների հասնելու ենք»,- ասել է նա։

Փոխվարչապետը նաև շեշտել է, որ միջազգային ճնշումն այս առումով Ադրբեջանի վրա գնալով ավելանում է և շարունակաբար ավելանալու է։

«Որովհետև սա մի կետ է, որտեղ շատ տարընթերցման կամ տարբեր ձևի մեկնաբանությունների հնարավորություն չկա։ Անկախ նրանից, թե ադրբեջանական կողմ ինչ կարգավիճակ է տալիս այդ անձանց, ովքեր որ պահվում են՝ դրանք բոլորը, լինեն ձերբակալված, լինեն քաղաքացիական, լինեն ռազմագերի, բոլորը պետք է վերադարձվեն առանց նախապայմանների»,- ասել է նա։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ապրիլի 2-ի հանդիպմանը կարող է քննարկվել նաև հայ գերիների վերադարձի հարցը։ Դեսպանի խոսքով՝ գերիների ու, առհասարակ, պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից մեկն է, այդ թվում` Ռուսաստանի ղեկավարության, խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։