6 ապրիլի 2021 - 12:44 AMT
ԱԳՆ-ն առաջարկում է Լիբանանի, Սիրիայի և Իրաքի հայերին կրկին տեղում ՀՀ անձնագիր տալ

Արտաքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ ՀՀ դիվներկայացուցչություններում և հյուպատոսարաններում։

Նման հնարավորություն գործում էր մինչև 2020թ․։ Այս առաջարկով նախատեսվում է երկարացնել ժամկետը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ փոփոխությունն իրականացվում է՝ հաշվի առնելով նշված պետություններում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը, ինչը կարող է դժվարացնել այդ երկրներում բնակվող հայերի՝ Հայաստան գալը և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալը։

Ավելի վաղ կառավարությունն արդեն իսկ փոփոխություն կատարել էր 2012-ի որոշման մեջ ու նշված երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տվել ներկայացուցչություններում ստանալ անձնագրեր, սակայն դրա գործողության ժամկետը մինչև 2020 թվականն էր։