10 մարտի 2009 - 16:18 AMT
«NASDAQ OMX Հայաստան»-ի տնօրենը գտնում է, որ տարվա վերջին տնտեսական ճգնաժամը անկում կապրի
«Հայաստանի կապիտալի շուկային մասնակցելու են տնտեսության առաջատար ճյուղերի ներկայացուցիչները»,- երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսին հայտնել է «NASDAQ OMX Հայաստան»-ի տնօրեն Արմեն Մելիքյանը: Մելիքյանի լավատեսական կանխատեսումների համաձայն, տարվա վերջին տնտեսական ճգնաժամը անկում կապրի, ինչը հնարավորություն կընձեռի մտնելու նոր պոտենցիալ ներդրողների շուկա:

«Ծրագրվում է, որ մինչեւ տարվա վերջ եւս մեկ ընկերություն IPO կիրականացնի եւ Հայաստանի կապիտալի շուկան խթան կստանա հետագա զարգացման համար»,- հայտնել է Արմեն Մելիքյանը: Ինչպես հաղորդել է «NASDAQ OMX Հայաստան»-ի տնօրենը, Հայաստանում IPO իրականացնելու հեռանկարներ կան այնպիսի ճյուղերի համար, ինչպիսիք են թեթեւ եւ ծանր արդյունաբերությունը, հաղորդակցությունը, ինչպես նաեւ սննդի ոլորտները: «Առաջատար ճյուղերի ներկայացուցիչները կապիտալի շուկա կգան»,- ասել է նա: Մելիքյանի կարծիքով, դրա համար կպահանջվի ժամանակ եւ ընկերությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացում: Հայաստանի Ֆոնդային բորսան իր կողմից աջակցություն կցուցաբերի, իսկ ընկերություններից կպահանջվի իրենց գործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովում: