Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15,000 դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը բերվել է Հայաստան, հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը:
«Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը ձեռք է բերել հայկական կողմը։ Պատվաստանյութի 15,000 չափաբաժինը կուղղվի ռիսկի գոտում գտնվող խմբերի պատվաստմանը», - ասել է Կուրոչկինը։
Դիվանագետի խոսքով՝ սա այն լայնածավալ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանը ցուցաբերում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում։
Ապրիլի 7-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանում նախորդ շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է, առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև ռուսական «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ։ Ավելի վաղ Ռուսաստանի նվիրած «Սպուտնիկ V» պատվաստանյութերով պատվաստվել էր 600 հոգի: