9 ապրիլի 2021 - 15:15 AMT
Անդրանիկ Քոչարյան․ Թուրքիայի հետ խոսել է պետք

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ խոսել է պետք։

«Ես միշտ եմ ասել, որ Թուրքիայի հետ միշտ առնվազն պետք է խոսել։ Մենք առաջին պատերազմի ժամանակ էլ էինք խոսում»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

«Պատերազմում էինք և խոսում էինք։ Բա պետք է խոսեինք։ Մեր փոխարեն ուրիշը կխոսի, եթե մենք չխոսենք։ Խոսակցությունն ինչ-որ պահերի եղել է։ Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում։ Պետք է խոսել։ Խոսելն ավելի լավ է, քան կրակելը»,-համոզմունք է հայտնել Անդրանիկ Քոչարյանը։

Իսկ թե ներկայիս պայմաններում ինչպես խոսել հարցին նա պատասխանել է․ «Արտաքին գերատեսչությունը պետք է այդ հարցի պատասխանը գտնի»։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ գուցե հիմա լավ շանս կա, որպեսզի Թուրքիայի հետ թշնամանք չլինի։ Հայաստանում վերջին շրջանում սոցցանցերում ու մամուլում ակտիվորեն քննարկվում է «Թուրքիայի հետ բարեկամանալու կամ թշնամանալու» հարցը։ Օգտատերերի մի մասը նաև ֆլեշմոբ է սկսել՝ «Թուրքիան իմ թշնամին է» խորագրով։ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, այդ երկրի միջամտությամբ տարածաշրջան են բերվել վարձկան-ահաբեկիչներ։