14 ապրիլի 2021 - 11:27 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը՝ հնարավորինս շուտ վերսկսել ԼՂ հարցով բարձր մակարդակի երկխոսությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել՝ կոչ անելով կողմերին որքան հանարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

«Համանախագահները գոհունակությամբ նշում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը և ուշադիր հետևում 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնության կատարմանը: Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հետ կապված նշանակալի ձեռքբերումները և շարունակվող առաջընթացը հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, հումանիտար օգնության և կյանքի պատշաճ պայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների հարցերում»,-ասվում է հայտարարությանմեջ։

Համանախագահները նաև հիշեցնում են կողմերին, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ մնացած խնդրահարույց հարցերի լուծման և կայուն խաղաղության հաստմանը միտված վստահության մթնոլորտի ձևավորման համար։ Այդ շարքին են, մասնավորապես, դասվում․ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան բոլոր ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձին, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար բոլոր տվյալների փոխանակման, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացման, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության ,հակամարտությունից տուժած համայնքների, ինչպես նաև մարդկանց միջև վստահության ամրապնդման հարցերը։

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր ժողովրդների ձգտումը կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագային` համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա:Այս առումով համանախագահները կոչ են անում կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:

Համանախագահները կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը միասին դիտարկեն և համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը, որը կարտացոլի նրանց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:

Համանախագահները նաև իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակվող գործունեությանը և առաքելության հնարավոր ընդլայնմանը և կոչ անում կողմերին լիարժեք հասանելիություն և աջակցություն ցուցաբերել նրա ջանքերին:

Համանախագահներն ընդգծել են, որ պատրաստ են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական գործառույթները։ Համանախագահները կողմերին հիշեցնում են անարգել մուտքի և իրենց երթուղիների համար տեղաշարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` համանախագահների մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան: