15 ապրիլի 2021 - 15:27 AMT
Մոտ $4․9 մլն-ի դրամաշնորհ Շվեյցարիայից ՀՀ-ին՝ բնապահպանության և տնտեսական զարգացմանը

Ապրիլի 15-ին մեկնարկում է «Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․5 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ $4․9) դրամաշնորհ:

Ծրագիրն իրականացվելու է «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (SDC) հետ համագործակցությամբ։

Շվեյցարիայի գործակցության երևանյան գրասենյակի ԶԼՄ-ների և հաղորդակցման բաժնի փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Այն նպաստելու է նաև բնության և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը, քանի որ փոխկապակցվելու է տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։

Ծրագիրը տևելու է 8 տարի և իրականացվելու է Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Նախագիծն իրականացվելու է՝ հիմք ընդունելով SDC-ի կողմից արդեն երկար տարիներ ֆինանսավորվող ծրագրերի հետ աշխատանքը և համագործակցությունը, ինչպիսիք են «Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում և հյուսիսում» և «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրերը: