Կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութով պատվաստվածներին 6-12 ամիս անց նոր՝ երրորդ դեղաչափը կարող է պահանջվել, իսկ հետո, հավանաբար, հարկ կլինի ամեն տարի պատվաստվել։ Այդ մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան։
«Հավանական սցենարն այն է, որ 6-12 ամսվա ընթացքում 3-րդ դեղաչափը կարող է պահանջվել, իսկ հետո՝ ամեն տարի։ Բայց այդ ամենը դեռ հաստատում է պահանջում»,- ասել է նա, գրում է Interfax-ը։
Նա նշել է, որ պատվաստման կանոնավոր լինելը կախված կլինի այն հանգամանքից, թե վիրուսի որ շտամերը կտարածվեն։
Ըստ նրա՝ Pfizer-BioNTech պատվաստանյութը 6 ամսվա իմունիտետ է ապահովում, սակայն ժամանակի հետ պաշտպանությունը նվազում է։ Մասնագետներն այժմ ոչ թե կլինիկական փորձարկումների շրջանակում, այլ իրական պայմաններում պետք է ստուգեն, թե որքան է պահպանվում իմունիտետը։
Ապրիլի սկզբին Pfizer-ն ու BioNTech-ը հայտարարել են, որ Covid-19-ի դեմ իրենց պատվաստանյութը 91.3% արդյունավետություն ունի երկրորդ դեղաչափով պատվաստումից առնվազն 6 ամսվա ընթացքում։ Pfizer-ի փաստաթղթում նշվում էր, որ պատվաստանյութը 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել նաև կորոնավիրուսի հարավամերիկյան շտամի դեմ։