16 ապրիլի 2021 - 12:03 AMT
Փաշինյանը՝ Կլաարին․ Բաքվի քաղաքականությունը հիմք է ԼՂ-ում «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Փաշինյանը նշել է, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանի դիրքորոշումն այս առնչությամբ այն է, որ պետք է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Վարչապետը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է մնում հայ ռազմագերիների վերադարձը, ինչն ամրագրված է նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետով, սակայն Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այն և ձգձգել նրանց վերադարձը: Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ կառույցների առարկայական ներգրավումը դրա լուծմանը:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից պաշտոնապես խրախուսվող հայատյացության քաղաքականությանը, որի բացահայտ դրսևորումը Բաքվում բացված Արցախյան պատերազմի թեմայով «պուրակն» է և այնտեղ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները փառաբանող «ցուցադրությունները», երեխաների ներգրավումն այդ քաղաքականությանը: Վարչապետը խորը վրդովմունք է հայտնել այս կապակցությամբ և անհրաժեշտ համարել միջազգային հանրության համարժեք արձագանքը Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությանը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և մտահոգիչ համարել այն խաթարող մարտահրավերների դրսևորումը, ինչը հնարավոր չի դարձնում համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Կլաարը վարչապետին է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և այնտեղ ունեցած հանդիպումների տպավորությունները: Ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Վարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից Արցախ մուտք գործելու հարցի շահարկման վրա, որի նպատակը միջազգային կառույցների հումանիտար գործունեությունը ԼՂ-ում խոչընդոտելն է: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը: Արձագանքելով հարցին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրեր իրականացնել Արցախում և աջակցություն ցուցաբերել:

Փաշինյանն ու Կլաարն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման հարցի շուրջ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով կողմերին որքան հանարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Համանախագահները նաև հիշեցնում են կողմերին, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ մնացած խնդրահարույց հարցերի լուծման և կայուն խաղաղության հաստմանը միտված վստահության մթնոլորտի ձևավորման համար։ Համանախագահներն ընդգծել են, որ պատրաստ են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական գործառույթները։