16 ապրիլի 2021 - 12:57 AMT
Աղազարյանը երկպալատ ԱԺ-ի անցում է առաջարկում՝ Արցախի ու Սփյուռքի ներգրավմամբ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ խորհրդարանը պետք է 2 պալատ ունենա։ Այս մասին ինքը՝ Աղազարյանը հայտարարել է ԱԺ-ում ելույթի ժամանակ։

«Բացի մեր պալատից՝ ունենում ենք երկրորդ պալատ, ենթադրենք՝ 100 հոգուց բաղկացած, որտեղ 50 հոգուն ընտրում են Արցախից ու հայրենիքի այս հատվածից, իսկ մնացած 50 հոգուն՝ ամբողջ աշխարհից։ Հավաքվում են տարին 1 անգամ ու ինչ-որ գործառույթներ իրականացնում, որոնք կարելի է մանրամասնել», - նշել է նա։

Խորհրդարանականները նշել են, որ իրավաբանները կհակազդեն՝ Սահմանադրության ու միջազգային իրավունքի դրույթներով։ Դրա համար, ըստ Աղազարյանի՝ պետք է սկսել ամենաստորին մակարդակից՝ որը Հանրային խորհուրդն է, ու այն այդ սկզբունքով ձևավորել, այնուհետև կամաց-կամաց բարցրացնել այդ մարմնի լիազորությունները։

Նա նշել է նաև, որ պետական կառավարման համակարգերում կանանց թիվը պետք է լինի 1/3-ից ոչ պակաս, որպեսզի, եթե պատերազմ լինի, ու տղամարդիկ բանակ գնան, համակարգն անխափան աշխատի։