16 ապրիլի 2021 - 13:09 AMT
Աճյունների որոնումները շարունակվում են Կուբաթլուում

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն ապրիլի 16-ին շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ:

Ապրիլի 15-ին Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ապրիլի 15-ի կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):

Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտ: