16 ապրիլի 2021 - 14:54 AMT
Սիսիանի բուժկենտրոնը կվերակառուցվի և կհագեցվի արդիական սարքավորումներով

Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնը կվերակառուցվի (մոտ 3010քմ) Մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում։

Նախատեսվում է նաև կցակառույցի կառուցում (մոտ 1412 քմ) և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Արդյունքում, 39 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ստացիոնար ու ամբուլատոր ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը։

Սիսիանի նոր ԲԿ-ն կազմված կլինի 2 մասնաշենքից: Կունենա մի քանի բաժանմունք՝ թերապևտիկ, մանկական, շտապօգնության, ինտենսիվ թերապիայի, ախտորոշման, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, վիրաբուժական:

Վերակառուցված կենտրոնը կմատուցի նաև ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ: