16 ապրիլի 2021 - 14:56 AMT
ԵՄ հատոկ ներկայացուցիչ․ Տավուշում ջրամբարի շահագործումը ՀՀ և Ադրբեջանի գործակցության լավ հնարավորություն է

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի սահմանակից ջրամբարներին, որոնց շահագործումն, ըստ նրա, երկու երկրների գործակցության լավ հնարավորություն կարող է լինել:

Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի Ջողասի ջրամբարի մասին է, որին Ադրբեջանի կողմից հարակից է Աբբասբեյլիի ջրամբարը։

«Ջողասի և հարակից Աբբասբեյլիի ջրամբարները լավ հնարավորություն են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության համար, ի շահ տեղի բնակչության, եթե հնարավոր լինի համաձայնության գալ ամբարտակների, ջրանցքների և սարքավորումների վերանորոգման և սպասարկման հարցում։ Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի միջև վստահությունն ամրապնդվի»,-ասվում է գրառման մեջ։

Տավուշի մարզի ամենամեծ Ջողասի կամ Բերքաբերի ջրամբարը, շահագործվել է մինչև 1991 թ․, որից հետո դադարեցվել է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով:

Խորհրդային տարիներին Հայաստանում, մասնավորապես՝ Տավուշում, և Ադրբեջանում ջրամբարներ են կառուցվել, որոնցից մի քանիսը համատեղ օգտագործման համար՝ ԽՍՀՄ երկու հանրապետությունների հենց սահմանին:

Վերջին տասնամյակներում խմելու և ոռոգման ջրի խնդիր է առաջացել Տավուշի մարզում, ինչպես նաև Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում, ինչը պայմանավորված է նաև գլոբալ տաքացումով։