16 ապրիլի 2021 - 15:33 AMT
Մարգահովիտում բողոքի ակցիա է պղնձի նոր հանքի դեմ

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ գյուղի մոտակայքում պղնձի հանք շահագործվի։

Ապրիլի 16-ից Լոռու մարզում նախատեսվում են հանրային քննարկումներ «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ կողմից։ Քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ներկայացվելու է «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտը:

Բնակիչները նշել են, որ համացանցից են տեղեկացել, որ ապրիլի 16-ից հանրային քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում, գրում է Panorama.am-ը։

Նրանց մի մասը դեմ է նոր հանքի շահագործմանը, մյուսներն էլ պնդում են՝ լավ շահագործման դեպքում հանքը օգուտ կտա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն, օրինակ՝ կողմ է հանքի շահագործմանը։ «Ազգությամբ չեխեր են ուզում հանքը շահագործել։ Այս նախագծով բացառվում է պոչամբարը, քանի որ արդյունահանումը լինելու է մինչև կես միլիոն տոննայի չափով։ Եթե սա վնաս լիներ, օրենքով կարգելվեր»,- ասել է նա։

Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Սարգսյանն էլ հակադարձել է՝ եթե Լոռին առաջնահերթ է համարում զբոսաշրջությունը զարգացնելը, ապա որևէ հանքի շահագործումը պետք է կտրականապես մերժվի։ «Արդեն իսկ Լոռին տեսել է հանքարդյունաբերության վնասները, էլ չենք ուզում»,- ասել է նա։