Պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց, հայտարարել է ԱԺ-ում փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
Որպես օրինակ նա բերել է ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակման քննարկման ժամանակ մոդերատորություն անելու մասին խոսքերին՝ «ինչ է նշանակում գեներալները որոշում էին, Դուք բազմիցս հայտարարում էիք, որ Դուք եք գլխավոր հրամանատարը, և ահա, փաստորեն գեներալներն են որոշում»։
Նազարյանը զարմանք է հայտնել, որ Գորգիսյանը վրդովվել է այն բանից, որ գեներալներն են որոշել, ու միաժամանակ վրդովվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը միանձնյա ստորագրելու մեջ։
«Ինչու՞մ եք մեղադրում՝ միանձնաբար գործելու՞, թե կարծիք հարցնելու համար, ո՞րն է ձեր մեղադրանքը», - ասել է նա։
«Բացարձակ ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի և դրա ընթացքի պատճառները հասկանալի դառնան, ավելի եք խճճում, դուք չեք զգում այս բեռը, քանի որ պատասխանատվություն չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու», - նշել է նա։
«Կողմնորոշվեք», ասել է նա` կասկած հայտնելով որ ընդդիմության ցանկությունը պատերազմի հանգամանքները հասկանալն է։
«Ես չեմ մտածում, որ դուք մտածողության խեղում ունեք ու այդ պատճառով մեղադրում եք, միաժամանակ անելու ու չանելու մեջ», - ասել է նա, հայտարարելով, որ ընդդիմության նպատակը մեղավոր նշանակելն է՝ բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնելով։