16 ապրիլի 2021 - 16:53 AMT
Մարուքյանը՝ «նախկիններին»․ Կողմ քաշվեք՝ այս մարդկանց ընդդիմություն դարձնենք

Գործող իշխանության էլեկտորատը երկու սեգմենտից է բաղկացած` 10-15 տոկոս իշխանության ջատագով, ու 15-20 տոկոս նախկին իշխանության «անտիձայները», որ ընտրում են (վարչապետ) Նիկոլ Փաշինյանին, միայն թե նախկինները չգան: Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում։

«Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին` մի կողմ քաշվեք, և մենք էս մարդկանց կդարձնենք փոքր, քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն` իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ չքաշվեցիք` ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով։ Էս ա տարբերակը, պետք է լինել ազնիվ։ էս մարդկանց ուժ տվողը ձեր դեմ ելույթներն են»,- նշել է նա:

Խոսելով իշխանության փաստարկների մասին, նա ասել է, որ 30 տարվա մեջ 3 տարի իշխանությունը ներկաներն են, նշանակում է՝ 30 տարվա տասը տոկոսը նրանք են:

«Գայիք, ասեիք` 10 տոկսով մարդկանց կյանքը լավացել է էս ոլորտում, էս ոլորտում, էս ոլորտում, ոչ թե երկրի բնակչությունը 10%-ով կրճատել եք, տնտեսությունը, բանակը, դիվանագիտությունը կործանել եք, եկել, ասում եք` նրանք են մեղավոր: Նրանք մեղավոր էին, դրա համար եղել է հեղափոխություն, սաղ գիտեն, որ նրանք մեղավոր են, բա դու՞ք, բա ձեր 10 տոկո՞սը», - նշել է նա։

Վերադառնալով Փաշինյանի հայտարարությանը Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակման ժամանակ մոդերատորություն անելու վերաբերյալ, Մարուքյանն ասել է, որ վարչապետը մոդերատոր է, ոչ թե երկրի ղեկավար։

«Եվ ամենալավ ձևակերպումը տվել է առաջին նախագահը` ազգակործան պատուհաս, դասական ձևակերպում է»,- ասել է նա: