16 ապրիլի 2021 - 18:17 AMT
Բայդեն․ ՌԴ հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու ժամանակն է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ հետ հարաբերություններում եկել է լարվածությունը թուլացնելու ժամանակը։ Նա մեծ տերություններ է անվանել ՌԴ-ին և ԱՄՆ-ին, որոնք մեծապես պատասխանատու են գլոբալ կայունության համար։ Ըստ նրա, ԱՄՆ-ն ձգտում է ՌԴ հետ կառուցողական փոխգործակցության՝ հաղթահարելու համար լարվածության շրջանը։

Այս ելույթով ԱՄՆ նախագահը հանդես է եկել ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, գրում է «Կոմերսանտը»։

«Պետք է առաջ շարժվենք մտածված երկխոսւթյան և դիվանագիտական գործընթացի հաշվին։ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ «սրել հարաբերություններն ու առճակատման գնալ ՌԴ հետ», այլ ցանկանում է «կայուն և կանխատեսելի հարաբերություններ»։

Նա «անկեղծ և հարգալից» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը։ Նա ասել է, որ իր մտահոգությունն է հայտնել նրան Ուկրաինայի հետ սահմանին ռազմական հզորությունների կուտակման կապակցությամբ։

«Ես վճռականորեն խնդրել եմ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից»,-ասել է նա։

Ըստ նրա, ՌԴ-ն և ԱՄՆ-ն արդեն քննարկում են Պուտին-Բայդեն հանարավոր հանդիպումն ամռանը Եվրոպայում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ անձամբ է զգուշացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետևանքների մասին, եթե բացահայտվի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության փաստը։ Նա դրական էր պատասխանել Պուտինին մարդասպան համարելու մասին հարցին։

Photo. AP