17 ապրիլի 2021 - 12:30 AMT
Նուլանդ․ Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը

Ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդը, որն առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում, պատասխանելով հայ գերիների, պատերազմից հետո ԼՂ և ՀՀ վիճակի մասին հարցին, ասել է, որ պետք է հասնել գերիների ազատ արձակմանը, պետք է վստահ լինել որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Այդ մասին Նուլանդը խոսել է իր նշանակման կապակցությամբ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի ՀՀ-ին և Հարավային Կովկասին վերաբերող հարցերին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Անցած աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ, իմ կարծիքով, անասելի ողբերգություն է։ Այդ պատերազմի ընթացքում ամերիկյան բարձր մակարդակի դիվանագիտության բացակայությունն աններելի է, և մենք պետք է կանխենք հետագայում դրա կրկնությունը», - ասել է Մենենդեսը՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում:

Ի պատասխան՝ Վիկտորիա Նուլանդը շեշտել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ խնդրի շուրջ: Նա ԼՂ շուրջ տեղի ունեցածը որակել է «ամբողջական ողբերգություն շատերի համար տարածաշրջանում»:

«Պետք է հասնենք գերիների ազատ արձակմանը, պետք է վերականգնենք մարդասիրական օգնության տրամադրումը, պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի երկիրը կարող լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները»,- ասել է Նուլանդը։

Նա հավելել է, որ պետք է խոսել ԱՄՆ դաշնակից Թուրքիայի հետ:

«Լուրջ աշխատանք ունենք կատարելու մեր երկկողմ հարաբերություններում, որպեսզի փարատվեն մեր մտահոգությունները ոչ միայն այն կապակցությամբ, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլև՝ իր երկրի ներսում»,- ասել է Նուլանդը:

Սենատոր Մենենդեսը նաև ամերիկյան վարչակազմից պահանջել է մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերին, ներառյալ՝ ականազերծման ծրագրի իրականացումը։

Պետքարտուղարի տեղակալի թեկնածուն կարևորել է կովկասյան երկրներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նա կողմնակից է ակտիվ դիվանագիտության, բարձրաստիճան ղեկավարության հետ երկխոսության՝ ԱՄՆ-ի տնտեսական և մարդասիրական գործիքակազմի ակտիվ կիրառմամբ: