17 ապրիլի 2021 - 12:34 AMT
ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին որոշ պաշտոնյաների անօրինական հանրային վարքի մասով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«ՄԻՊ-ին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ստորագրել եմ դատախազությանն ուղղված հանցագործության վերաբերյալ հաղորդում: Խոսքը վերաբերում է ՀՀ-ում Կառավարություն և ԱԺ-ում կառավարող խմբակցության կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ և 332.2-րդ հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր:

Դրանից բացի, Դատախազությանը, ԱԱԾ-ին և Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով բարձրացրել եմ այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցցանցերում հրապարակումներ են անում, սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները: Հարց եմ բարձրացրել, թե ինչ վերաբերմունք ունեն իրավապահ մարմիններն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով: ՄԻՊ դիրքորոշմամբ նման պաշտոնյաների արարքները նույնպես պետք է դիտվեն ՔՕ 226.2-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության ներքո»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ կան պաշտոնյաներ, որոնք ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ, չունեն հանրային պատասխանատվություն իրենց զբաղեցրած պետպաշտոնի նկատմամբ և զբաղված են անօրինական արարքներ կատարելով:

Ըստ ՄԻՊ-ի՝ սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է վտանգավոր չափերի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը:

«Նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը»,- գրել է նա:

Նա նշել է նաև, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա: Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի:

«Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետևողական»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ պետական ու ՏԻՄ պաշտոն զբաղեցնող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն հանրային համերաշխության ու խաղաղության հաստատման համար։

Վերջին տարիներին հայկական տիրույթի սոցցանցերում անհանդուրժողականության և ատելության մթնոլորտը մեծ չափեր է հասել, ինչի մասին ՄԻՊ-ը բարձրայանել է, դեռևս նախորդ տարիների իր զեկույցներում։