17 ապրիլի 2021 - 14:00 AMT
Ադրբեջանը բողոքում է՝ ԵՄ ներկայացուցչի հանդիպումն Արցախի ԱԳ նախարարի հետ «անհիմն ակնկալիքներ է առաջացնում»

Ադրբեջանի իշխանությունները բողոք են հայտնել Բաքվում ԵՄ ներկայացուցիչ Կեստուտիս Յանկաուսկասին՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Երևանում կայացած հանդիպման առնչությամբ:

Յանկաուսկասին այդ կապակցությամբ կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, գրում է Haqqin.az-ը։

«Հանդիպմանը նշվել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի նման գործողությունների անթույլատրելիությունը, որոնք հաշվի չեն առնում հակամարտությունից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, սպառնում են փխրուն խաղաղությանը և անհիմն ակնկալիքներ են առաջացնում հակառակ կողմում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Յանկաուսկասին նաև ասել են, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները խարխլում են ադրբեջանական կողմի վստահությունը։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը։ ԱԳ նախարարը նշել է, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ, և հավելել, որ անվտանգությունն ու ԱՀ ժողովրդի ինքնորոշման փաստը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են: