19 ապրիլի 2021 - 10:44 AMT
Վարչապետ․ Կաթիլային ոռոգման անցնող սեփականատերերից 5 տարի ջրի փող չենք գանձի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ այցելության ժամանակ հայտարարել է, որ խթանվելու է անցումը կաթիլային ոռոգման՝ դրան անցնող սեփականատերերից 5 տարի ջրի փող չի գանձվի։

«Մենք գյուղացիների համար եկել ենք նոր առաջարկով: Պետք է խթանենք, որպեսզի համատարած անցում կատարվի կաթիլային ոռոգման: Եվ ուզում ենք հետևյալ ծրագիրը գործարկել. մինչև երեք հեկտար այն հողերը, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի իրենց սեփականատերերից ջրի փող չենք գանձի: Եվ մենք այս ծրագիրն անպայման գործարկելու ենք: Այսինքն՝ անվճար կլինի ջուրը նրանց համար»,- ասել է վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին: