19 ապրիլի 2021 - 12:28 AMT
Զուրաբյան․ ՀՀ ղեկավարը ստախոս է՝ Տեր-Պետրոսյանը չի ասել, թե «հողերն արդեն պետք է տաս»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ՀՀ առաջին նախագահը 2018-ին իրեն ասել է՝ «հողերն արդեն պետք է տաս», հայտարարել է, որ դա բացարձակ սուտ է, նման բան չի եղել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Փաշինյանն ապրիլի 14-ին ԱԺ-ում հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանը 2018-ի հուլիսին իրեն ասել է՝ «հողերն արդեն պետք է տաս»։

«Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել:

Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ։ Եվ այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ, և, ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է»,- ասել է նա։

Զուրաբյանը հայտարարել է, որ եթե Փաշինյանն իր վարկը ցանկանում է փրկել, թեև այն արդեն փրկել ոչինչ չի կարող, թող ուղղակի որևէ ապացույց բերի։

«Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանն ընդհանրապես նման բան ասել է․․․Նման բան չկա»,- ասել է նա։

Զուրաբյանը հավելել է նաև, որ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հայտնի է ժողովրդին 90-ական թվականներից, դա երբեք փոփոխության չի ենթարկվել: «1997 թվականին Տեր-Պետրոսյանն առաջարկել է իր հայտնի պլանը, ավելի ճիշտ իր հայտնի հոդվածով ներկայացրել է, թե ինչպիսի լուծում կա ղարաբաղյան խնդրում, և որ այդ լուծումը պետք է ընդունել այն պահին, երբ որ մենք խոսում ենք ուժի դիրքերից, իսկ եթե դա չանենք, այս տարիների ընթացքում, ապագայում Ադրբեջանը բազմիցս հզորանալու է Հայաստանի նկատմամբ, և այն, ինչ որ մենք կարող էինք ստանալ, խնդրելու ենք, բայց չենք ստանալու»,-ասել էնա։

2017-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցից ավելի կարևոր հարց 88-ից հետո չկա։ «Ղարաբաղյան հարցի կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք կամ Ադրբեջանը, կամ Ղարաբաղը, այլ՝ միջազգային կառույցները։ Եվ Ադրբեջանը, և՛ Հայաստանը 2007-ից համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան սկզբունքներին և ընդունել դրանք որպես բանակցությունների հիմք»,-ասել էր նա: Սզբունքների շուրջ՝ տարածքների վերադարձ, ուժի չկիրառման հավաստիացում և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում, Տեր-Պետրոսյանի կարծիքով վիճաբանություն չկար։ Տեր-Պետրոսյանը նաև ասել էր, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը երկար չի տևելու, հարցը լուծվելու է առաջիկայում, սիկ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է։